вторник, 24 ноября 2015 г.

Պարույր Ռաֆայելի Ղազարյան

Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։
Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։


ԱՆՈՒՂՂԵԼԻՆ
Ես զբաղված եմ քո պակասները լրացընելով,
Արբունքահասիդ նորի՛ց ու նորի՜ց վերածընելով:
Ամենից առաջ` անունդ եմ փոխում. օտա՛ր մի անուն,
Իսկ ինքըդ` այնքան հա՜յ ու հարազա՛տ; Եվ չեմ հասկանում,
Թե այսքան տարի ինչպե՞ս ես եղել դեռ անչափահաս,
Եթե ես վաղո՜ւց սպասել եմ քեզ ա՛յս տեսքով ահա:
Հետո՝ ուզում եմ ուզածըս անես առանց իմ խոսքի:
Ուզում եմ նաև հանել մի առու մազերիդ հոսքից
Ու տանե՜լ-տանե՜լ, իմ տանջված-խանձված երեսին կապել:
Ուզում եմ նաև մատներիդ տեսքով նոր մոմեր թափել,
Այսինքն` լամպեր, որ պիտի լույս տան գիտե՞ս մենակ ում.
Լոկ սիրողների՜ն, և այն էլ միայն գողտրիկ սենյակում:
Եվ հոնքերիդ եմ կեռություն տալիս,
Ու սրունքներիդ` քիչ իլիկություն,
Մեջքըդ թողնում եմ այնպես, ինչպես կա,
Իսկ ամբողջ մարմնիդ` մի՜ քիչ լիքություն:
Փոխում եմ նաևՇա՜տ բան եմ փոխում ու սրբագըրում.
Ավելին` ջնջում, պակաս-թերատին տալիս եմ լրում:
Շա՜տ բան եմ ուղղում, շատ ու շատ բան էլ դեռ ուղղե՛մ պիտի,
Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալուլոկ քո ժպիտին:
Ա՜խ այդ ժպիտը, այդ անուղղելի՛ն, որով ժպտալիս
Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս


 ԼՈՒՍՆԱՀԱՐ ԿԱՐՈՏ
Սկսվում է գիշերն արդեն:
Եվ աստղերը,
Որ ողջ ցերեկ խոր քուն մտան,
Հիմա իրենց ճառագայթե
Սուր փշերն են ոզնու նման նորից ցցում`
Ընդդեմ մթան:
Եվ անպաշտպան իմ կարոտը,
Որ անցել է խոր ընդհատակ
Ու չի ուզում նորից տրվել շղթաների ու կապանքի,
Իմ կարոտը մատնըվում է քո անունից.
Լրտեսի՛ պես նա մատնում է տառապանքին:
Մեծ քաղաքը լեթարգիական քուն է մտնում,
Իսկ ես` լուսնո՛տ,
Ես` լուսնահա՜ր,
Շեղ-սայթաքուն կտուրներով
Ու քիվերով ատամնաբաց,
Մինչև անգամ շանթարգելով,
Ահա նորից քեզ եմ գալիս`
Կյանքըս կրկին վտանգելով:
Եթե հանկարծ դու քո հեռվից նկատեիր
Ու ձայն տայիր`
Ճչալու պես «ա՜խ» անելով`
Իմ վտանգված կյանքի համար վախենալով,
Գիտե՜ս` ինչո՛վ կվերջանար,
Իմ ցանկալի՜ս:
Գիտե՛ս.
Մահո՜վ է վերջանում,
Երբ լուսնոտին ձայն են տալիս:
Բայց ես բնա՜վ երկյուղ չունեմ,
Թե կընկնեմ ցած
Եվ իմ արյամբ հալեցնելով ձյունը մայթում`
Դռնապանին գեթ կազատեմ ձյուն քերելուց:
Այդ չի՛ լինի,
Որովհետև ձայն չե՜ս տա դու,
Եվ դա- ո՛չ թե բարությունից,
Այլպարզապես չսիրելո՜ւց


ՁԻԹԱՊՏՂԻ ԾԱՌԸ
-Ուրեմըն չե՞ս գալիս,-
Իմ իսկ տված հարցին
Ինքս եմ պատասխանում խոցված հպարտությամբ.
-Ի՛նքըդ գիտես...

Իսկ դու
Ինքդ էլ գիտե՞ս արդյոք, որ խուսափման ուղին
Կյանքում գուցե կարճն է ճամփաներից բոլոր
Եվ նույն տեղն է բերում արագորե՜ն, նորե՛ն:
Ուրեմն էլ ինչո՞ւ ես զուր խուսափել ջանում:

Մոռացե՞լ ես գուցե:
Բայց դու գիտե՛ս հաստատ,
Որ ես մոռացության բոլոր օրենքներից
Մեկն եմ լոկ ընդունում՝
Ա՛յն, որ սահմանել է հպարտությունն ինքը,
Երբ խոցել են սրան՝ գազանի պես:
Իսկ ես... ու քեզ խոցե՞լ ինչ-որ բանով:

Եվ մի՞թե չես տեսնում դու իմ քնքշությունը
Եվ իմ մեղմությունը դեռ չե՞ս զգում միթե:

Ա՜խ այս քնքշությունը, որ ինձ կապոտել է,
Ինչպես Գուլիվերին՝ թզուկները...
Ա՜խ այս մրրկանման մեղմությունը,
Որով պաշարված եմ և օղակված այնպես,
Ինչպես մայրցամաքը՝ օվկիանոսով:
Ա՜խ այս «ախ»-ը նաև,
Որ կպել է լեզվիս 
Անոթության ծնած փառի նման,
Եվ ինձ կպատճառեր սրտախառնուք, անշո՛ւշտ,
Թե չլիներ համիդ նշխար-մնացորդը,
Որով փաթաթվում եմ ես սրբորե՜ն, նորե՛ն՝
Առանց հաղորդություն սպասելու հույսի:
Թե չլինե՜ր համիդ նշխար-մնացորդը...

Իսկ դու գիտե՞ս արդյոք, որ դո՛ւ բնավ դո՜ւ չես.
(Ո՛չ զարմացած նայիր, ո՛չ ծիծաղիր):
Հաստա՛տ գիտեմ, որ դու դարեր առաջ
Ձիթապտղի նազուն ծառ ես եղել,
Հետո (ի՞նչ իմանամ, թե քանի՜ դար հետո)
Երկրորդ անգամ կրկին աշխարհ գալիս
Կին ես դարձել արդեն...
Գիտե՛մ, հաստա՜տ գիտեմ,
Թե չէ այդ ինչի՞ց է, որ քո շրթունքները
Հասուն ձիթապտղի համ են տալիս...

Հիմա ի՞նչ ես ասում. դու չե՞ս գալիս:
Ի՜նչ է, կամենում ես, որ ես մեռնեմ
Մի անպտո՛ւղ ծառի դանդա՜ղ մահո՞վ՝
Երկա՜ր հոգեվարքիս ողջ ընթացքում
Անվերջ երազելով ձիթապտղի մի ծառ՝
Հեռո՜ւ-հեռո՜ւ ինձնից,
Քո՛ չափ հեռու...


Աղբյուրը` https://hy.wikipedia.org

Комментариев нет:

Отправить комментарий